«Իրատեսի» հյուրը դերասանուհի ԿԱՐԻՆԵ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆՆ է: 1992-ին՝ դժվարին ժամանակներում, հայ հանդիսատեսը նրան տեսավ ու սիրեց Սոս Սարգսյանի հիմնադրած Համազգային թատրոնում: Թատրոն, որն անգամ զրկված էր մշտական տանիք ունենալու բարեբախտությունից:
Սկզբում գրողների միության դահլիճում էին խաղում ներկայացումները, հետո՝ Ժուռնալիստների միության: Ավելի ուշ թատրոնը տեղափոխվեց Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դահլիճ, որտեղ և «բնակվում» է մինչ օրս: Հուսանք՝ «Համազգայինը» իր առանձին շենքն ունենալու երազանքը ոչ հեռու ապագայում իրականացած կտեսնի, թեև ներկայում մենք և աշխարհը կանգնած ենք անկանխատեսելի ապագայի առջև:
Դեռևս 1990-ականներին դերասանուհու խաղացած կերպարները դաջվեցին արվեստասերների հիշողության մեջ, իսկ հետագայում Կարինե Ջանջուղազյանի խաղացանկը հարստացավ մեկը մեկից բազմազան, տպավորիչ այլ դերերով:
Ավելի ուշ նա փոքր, բայց անկրկնելի մի դեր խաղաց Ալբերտ Մկրտչյանի «ՈՒրախ ավտոբուս» ֆիլմում:
Այս և այլ թեմաների է անդրադառնում մեր զրույցը:
-Կարինե, Ալբերտ Մկրտչյանի «ՈՒրախ ավտոբուս» ֆիլմում երկրաշարժված Գյումրու, անհուսության, մահվան, ավերի համապատկերում Դուք, անսպասելիորեն, վերածնունդն եք ավետում՝ հղի կնոջ կերպարով: Սա, կարելի է ասել, հեղափոխականի կերպար է այդ ֆիլմում: Կյանքում է՞լ եք հեղափոխական:
-Շնորհակալ եմ էս հարցի համար: Իրոք, շատ շնորհակալ եմ, որովհետև դու տեսել ես այն, ինչը շատերը, գուցե, չեն տեսել: Ինձ համար՝ որպես արվեստագետի, որպես արտիստի, խիստ սկզբունքային հարց է իմ հանդիսատեսին կյանք հաղորդելու, հույս հաղորդելու հանգամանքը: Եթե չկարողանամ հավատ հաղորդել, ապա գոնե հույս պիտի հաղորդեմ: Ի դեպ, Ալբերտ Մկրտչյանը երազում էր ինձ հետ մեծ ֆիլմ նկարել: Բախտի բան էր, նա հեռացավ կյանքից, չհաջողվեց իրագործել այդ երազանքը: Ես «ՈՒրախ ավտոբուսում» էդ դերը խաղացել եմ այն ժամանակ, երբ ֆիլմը գրեթե պատրաստ էր, արդեն մոնտաժման փուլում էր: Նա մի անգամ ինձ երգելիս էր տեսել բեմում: Համերգից հետո եկավ կուլիսներ: Ասաց. «Դու ո՞վ ես, ես քեզ չեմ ճանաչել, դու իմ ֆիլմում պիտի անպայման խաղաս»:
-Խոսքը «Քիչ մը արև թող ներս գա» երգի մասին չէ՞, որը հնչում է նաև «ՈՒրախ ավտոբուսում»:
-Այո՛,այո՛, հենց այդ երգն էր: Մի օր պատահաբար Սոս Սարգսյանի մոտ երգեցի այդ երգը, և նա երկար տարիներ ինձ ստիպում էր, որ ամեն տեղ երգեմ այն: Մարտին Վարդազարյանին էլ ստիպեց գործիքավորել երգը:
-Որտեղի՞ց եք գտել այդ երգը, ո՞վ է հեղինակը:
-Հեղինակին չգիտեմ, ես երգը լսել եմ ընկերներիցս, ճգնավորի երգ է: Ես երգեցի, Սոս Սարգսյանին դուր եկավ, ու երգն էդպես ապրեց: Ես բավական շատ երգեր ունեմ գրած, որոնք նույնիսկ ձայնագրել եմ, բայց այդպես էլ չեմ երգել: Սա ուրիշ թեմա է, չեմ ուզում հիմա անդրադառնալ: Իսկ «Քիչ մը արև թող ներս գան» հայտնի դարձավ մարդկանց: Վերադառնամ «ՈՒրախ ավտոբուսի» իմ դերին: Ալբերտ Մկրտչյանն ասաց, որ դեռ չգիտի՝ ինչ դեր եմ խաղալու, բայց անպայման խաղալու եմ իր ֆիլմում: Իմացա, որ ֆիլմը երկրաշարժի մասին է, պայմանավորվեցինք մեկ շաբաթից հանդիպել Գյումրիում: Եվ ես գնացի՝ արդեն որոշած, որ պիտի հղի կնոջ դեր խաղամ:
-Այսինքն՝ կերպարային այդ լուծումը Ձե՞ր մտահղացումն էր:
-Այո՛: Ես գնացի ու Ալբերտ Մկրտչյանին ասացի. «Դուք ո՞նց կարող եք նկարել երկրաշարժի մասին ֆիլմ՝ առանց հույսի. էս ֆիլմում հղի կին է պակասում»: Մի տետր գրառումեր էի տարել հետս՝ գաղափարներ, տեսարանների մշակումներ, գործողությունների սխեմաներ: Ալբերտ Մկրտչյանը գժվել էր, տետրս վերցրել-թափահարում էր: Զարմացել էր, որ գտնվել է մի դերասանուհի, որը եկել է նկարահանման հրապարակ և առաջարկներ է անում ռեժիսորին: Ինքը ինձ շատ սիրեց, ես էլ՝ իրեն: Ափսոս, որ ինքը չկա: Անձամբ ինձ համար դա շատ մեծ կորուստ էր: Առհասարակ, մեծ կորուստ էր մեր ժողովրդի համար: Մի խոսքով, ես հղի կին խաղացի: Իհարկե, իմ տեսարանները մեծ չէին, ավելին նկարել հնարավոր չէր: Բայց ամեն ինչ ստացվում էր հանպատրաստից ու շատ բնական: Ալբերտ Մկրտչյանը տեղում գաղափարներ էր հղանում: Ընթացքի մեջ, ոտքի վրա ստեղծագործում էր: Նկարահանման հրապարակում ճմրթված-նետված բազմաթիվ թղթեր էին լինում: Օրինակ՝ մի շատ հուզիչ տեսարան կա. ես նստում եմ ավտոբուս, ու բոլորը հրում են ավտոբուսը, տանում ինձ:
-Նաև ծափահարում են, որ նույնպես չափազանց հուզիչ է:
-Այո՛: Դա իսկապես հեղափոխականի, հույս հաղորդողի կերպար էր: Փոքր դեր էր, բայց ինչքա՜ն հարուստ էր ասելիքով: Այստեղ են ասել՝ փոքր դերեր չկան: Ես ոչ միայն այս դերում, այլև խաղացածս բոլոր դերերում ու կյանքում եմ հեղափոխական: Միշտ մտածում եմ, որ կյանքը պիտի շարունակվի, մարդը պիտի ձգտի լավագույնին: Եվ առհասարակ, մեր կյանքում երբեք ոչինչ կորած չէ: Ես սրան մեծապես հավատում եմ: Այո՛, ես բնավորությամբ հեղափոխական մարդ եմ: Ի ծնե եմ այդպիսին: Ինձ փոքր ժամանակ ասում էին՝ կապը կտրած:
-«ՈՒրախ ավտոբուսից» բացի, ի՞նչ ֆիլմերում եք հանդես եկել:
-Եղել են մի քանի դեր կինոյում, մի քանիսը՝ սերիալում: Շատ չեն եղել: Ցավոք, ես չեմ կարողացել անել կինոյում այն, ինչ կարող էի և, այս առումով, վիրավորված եմ հայ կինոյից:
-Ինչ-որ կոնկրետ պատճա՞ռ կար, որ չէիք նկարահանվում:
-1990-ականներին խոսակցություններ եղան, նույնիսկ գրվեց այն մասին, որ ես արտաքինով եվրոպեոիդ եմ, չեմ համապատասխանում հայ կինոյին: Սա շատ վիրավորական է և շատ անհեթեթ: Նախ՝ ես զտարյուն հայ եմ: Եվ եթե հիշում եք, այդ թվերին շատ մոդայիկ էր, որ հայ կինը պիտի անպայման լինի սևուկ, մազոտ, չգիտեմ՝ ինչ տեսքով: Դրանք էին համարվում հայ կնոջ արտաքինին համապատասխանող հատկանիշներ: Բայց ինչու՞, գրո՛ղը տանի:
-Նույն գանգատը լսել եմ Ժենյա Ավետիսյանից: Նրան մե՛կ չեն նկարել, որովհետև համարել են, թե դեմքը հայկական չէ, մե՛կ էլ՝ թե եվրոպական չէ: Եվ իմ մի հարցազրույցում դառը հեգնանքով ասաց. «Երևի ես միջազգային դեմք ունեմ»:
-Դրա համար էլ էսպես գորշության մեջ մնացինք: Ի՞նչ ասեմ: Չէ՛, մի քանի դեր կինոյում, այնուամենայնիվ, խաղացել եմ: Պարսկաստանում եմ խաղացել մի մեծ կինոնովելում: Պարսիկները էնպիսի՜ բարձր կարծիքներ հայտնեցին իմ խաղի մասին:
-Դուք ունե՞ք մեծ դերի սպասում կինոյում:
-Այո՛, ես սպասում եմ: Ցավոք, մեծացել եմ արդեն, չեմ խաղա այն, ինչը կարող էի խաղալ երիտասարդ տարիքում: Բայց երբեք ուշ չէ: Ես զգում եմ, որ տալու, ասելու շատ բան ունեմ: Կինոն հիմա ինձ համար շատ ավելի հասկանալի, հաճելի ու նախընտրելի է: Քանի որ աղջիկս՝ Աննա Բայաթյանը, կինոռեժիսոր է, ես բավականաչափ քիթս խոթել եմ նրա գործերի մեջ, խորացել եմ, ուսումնասիրել. շա՜տ սիրեցի կինոն: Մենք մեծ երազանքներ ունենք կինոյում: Հինգ ֆիլմ ունի Աննան, բայց ես մի փոքրիկ անցում եմ խաղացել նրա մոտ: Դեռ ինձ մեծ դեր չի տվել: Մենք սցենարներ ենք մտմտում, բայց ինձ համապատասխան ոչ մի դեր դեռ չեմ գտնում: Առայժմ սպասում եմ: Շա՜տ-շատ եմ ուզում խաղալ կինոյում: Երբ նայում եմ արտասահմանյան ֆիլմերը, նրանց դերասանուհիների խաղը, վիրավորվում եմ: Որովհետև ես էլ կարող եմ լինել այդ դերասանուհիների նման և ոչ պակաս: Ես հիմա ոչ թե խնդրում եմ. ո՛չ, գրո՛ղը տանի: Ես այնքան ինքնաբավ եմ. երբեք դերի համար չեմ պայքարել, դեր չեմ փախցրել, դեր չեմ մուրացել: Բարեբախտաբար, ինձ տրվել են իմ դերերը: Կինոյի բացը իմ կյանքում գուցե եղավ մեր երիտասարդության շրջանի իրականության պատճառով. պատերազմ, պետականաշինություն, տարբեր ռեժիմներ, ծանոթ-բարեկամ-քավոր շղթա… Իսկ ես միշտ միայնակ եմ եղել, ոչ մի կլանի մեջ չեմ թաթախվել, երբևիցե ինձ չեմ վաճառել, որևէ կոմպրոմիսի չեմ գնացել: Գուցե ա՞յս պատճառով էր, որ… Չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ: Սա շատ տխուր թեմա է: Մենք շատ դժվար ժամանակներ ենք ապրում: Ես կցանկանայի, որ մենք՝ իրական արվեստի մարդիկս, պետք լինեինք: Միջակությունները մի լպրծուն բան ունեն, չէ՞, մեջները. միշտ մի ծակ կգտնեն, մի ձև կգտնեն ու ասպարեզ դուրս կգան: Ես կուզենայի, որ այսօր մեր պետությունն իսկապես տեր կանգնի իր անհատներին, իրական մշակութային մարդկանց՝ գիտակցելով, որ հենց էսօր ենք մենք պետք: Ինձ ամենից շատ էսօր նեղում է իմ անպետքության զգացողությունը:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ